Ոստիկանությունն առավոտյան՝ իր երեկվա հաղորդագրության համաձայն, ժամանակը լրանալուն պես՝ ժամը 5։30-ի մոտերքը բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։ Հավանաբար խուսափելով միջազգային մամուլի առաջին էջերի տպավորիչ լուսանկարներից՝ այս անգամ ջրցան մեքենան օգտագործվեց հետո՝ մեկգիշերյա նստացույցի հետքերը լվանալու համար:
Էլեկտրամայդանի վե՞րջ: Երեկվա հանրահավաքից ու Բաղրամյան պողոտան «գրավելուց» հետո՝ այո: Բայց ինչ էլ անվանեք էլեկտրաԵրևան, էլեկտրամայդան, էլեկտրաշոկ, միևնույն է՝ պատմությունը չի ավարտվում, նույնիսկ եթե ոստիկանությունը ոչ թե հրապարակներից ու պողոտաներից մարդկանց ցրի, այլ հավաքի տներից: Շարժումը շարունակվելու է: Ոստիկանությունը կարող է նորից ու նորից տարբեր հասցեների առնչությամբ հայտարարել, որ «իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը», հանրության իրական շահերը պահանջում են ոչ թե փողոցային երթևեկության կարգուկանոն հաստատել, այլ՝ երկրում կարգուկանոն ունենալ։ Իսկ դա ոստիկանության գործը չէ: Ոստիկանությունն առավելագույնը կարող է բացատրել կամ արդարանալ, որ «Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը»:
«Ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար, այնուհետև, հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»:
Իսկ ի՞նչ է նշանակում առերևույթ իրավախախտում կատարած անձինք, ինչպե՞ս են նրանց ընտրել ու տարել ոստիկանության բաժիններ: Թե՞ ով կար՝ բոլորին տարել են: 45-ին էլ: Ժամը 6-ին Բաղրամյան պողոտան բաց էր՝ արդարությունը երկրում վերահաստատված է՝ բնականոն երթևեկության տեսքով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ գիշերը «Ոչ թալանին» նախաձեռնությունը տարածեց շտապ հայտարարություն՝ «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ Ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները»: Նրանք դեռ չեն հասկացել, որ անցյալի սխալները կրկնելը ավանդույթ է, իսկ ավանդույթից շեղվելը՝ հակաօրինական, իրավախախտում ու հանրային շահի ոտնձգություն: Հակառակ տրամաբանությանը: Նրանք չեն հասկացել, որ կառավարությունը կառավարություն է, որ խոստանա ու խաբի, իսկ նախարարները նախարարներ են, որ հայտարարեն՝ ժողովուրդը իրեն խաբված չպիտի զգա: Ընդհանրապես ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը ցանկ հրապարակի՝ որ դեպքում ինչ զգալ ու ինչ մտածել, ինչ չզգալ ու ինչ չմտածել և ըստ այդ ցանկի բնակչությանը բաժանի երկու խմբի՝ իրավահավատարիմների ու իրավախախտների: Այդպես շատ ավելի պարզ ու հասկանալի կլինի, թե ինչու նախագահի մակարդակով տրված հավաստիացումը հետո վարչապետի մակարդակով սկսում է քայլ առ քայլ խախտվել՝
Կառավարությունը նախ հայտարարեց, որ սուբսիդավորելու է թանկացված 7 դրամը, հետո ճշտեց, որ դա չի վերաբերվում խոշոր բիզնեսին, հետո նորից ճշտեց, որ չի վերաբերվում փոքր ու միջին բիզնեսին, իսկ վերջում պարզաբանեց, որ սուբսիդավորում չի լինելու: Ձեզ խաբված չզգաք, կառավարությունը կատարում է իր խոստումները, պարզապես աուդիտն է ավարտվում այդ ժամկետում, իսկ աուդիտի արդյունքները, փաստորեն, կառավարությանը նախապես հայտնի են, որ գիտի, թե երբ և ինչու է ավարտում սուբսիդավորումը: Կամ էլ՝ արդեն փող չունի: